ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ի՞նչ վերադասավորությունների մասին է խոսքը

Ի՞նչ վերադասավորությունների մասին է խոսքը
07.06.2013 | 00:44

Շատ քիչ է պատահում, որ Սերժ Սարգսյանն այսքան «անկեղծ» լինի: Այո, խոսքը նախորդ օրը ԱԱԽ նիստում նրա հնչեցրած` «տարածաշրջանում երեք-չորս տարի հետո տեղի կունենան վերադասավորություններ» մտքի մասին է: Հասկանալի է, ակնարկն առաջին հերթին Թուրքիային ու Ադրբեջանին է վերաբերում, բայց քանի որ սիրիական զարգացումները հասել են իրենց «ապոգեյին», իսկ Իրանում հունիսի 14-ին ընտրություններ են, թուրքական պայթյունն էլ իր հերթին «հղի» է քրդական պետության ստեղծման ամերիկյան երազանքով, ստացվում է, որ, իսկապես, տարածաշրջանը «ձև չունի» չվերադասավորվելու:
Այնուհանդերձ, դանդա՜ղ (ախր շա՜տ շատ` անսահմանության հասնող), «դանդաղ շտապող» Սերժ Սարգսյանը, որը գրեթե կանգ է արձանագրել հասարակությանն ահավոր հուզող` Սյունիքի մարզպետի հարցում, ուր, ի դեպ, առաջացել է դասական «ֆիլմին» բնորոշ վիճակ, երբ ողջ հասարակությունը կանգնել-բացականչում է` «ну говори же», ասպարեզ է նետում բավականին ուշագրավ այս միտքը: Եվ դա այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ էլ նույն Սերժ Սարգսյանը դիպված էր ունեցել «մարգարեանալու»` Թուրքիայում այսօր տեղի ունեցողի հաշվով:
Փորձենք հասկանալ` նախորդ օրը հնչած մի՞տքը վասն որու էր:
ա) Առաջիկայում սպասվում է Ալիև-Սարգսյան հանդիպում: Ըստ ամենայնի` Զալցբուրգում: Հետաքրքիր է, որ այս անգամ հակամարտող երկրների միջև կամուջներ ձգելու գործը արաբական աշխարհի «փորոտիքը» խառնող, անչափ ամուր նյարդեր և ուսեր ունեցող Միացյալ Նահանգներն է ստաձնել: Ինչո՞ւ:
Շատ պարզ. Արևմուտքը փորձում է սառեցված գործընթացն էլ ավելի սառեցնել, իսկ եթե ավելի ստույգ, ապա` վերցնել իր վերահսկողութան տակ, ինչպես ժամանակին փորձում էր անել Ռուսաստանը, ավելի ստույգ` նախագահ Մեդվեդևը: Եվ ի՞նչ: Այս մի փորձառությունը և՞ս կունենա անփառունակ ավարտ, ինչպես Մեդվեդևինը, ինչպես բոլոր այս կարգի նախաձեռությունները, որոնք տարփողում էին, որ ահա և` վերջ, ստատուս քվոն փոխվում է Ղարաբաղի հարցում, «զի պատուհան է բացվել», և այսպիսի այլ զիզիբիզիություններ:
Անշուշտ: Իսկ ի՞նչ կմնա տակը: Կմնա այն, որ ԱՄՆ-ը իր մոդերատորությամբ կփորձի թույլ չտալ, որ հակամարտության սառեցումը փոխարինվի տաքացմամբ, ու Թուրքիան ¥չբացառենք` մի քիչ էլ` Ռուսաստանը¤` իսրայելա-լիբանանա-սիրիա-իրանա-թուրքական զարգացումների, «գարունների» ֆոնին, տաքանա, ընդարձակվի-պայթի` նոր անկանխատեսելի իրավիճակի առաջ կանգնեցնելով տարածաշրջանը` խառնելով Արևմուտքի հաշվարկների «փորոտիքը»:
բ) Հասկանալի է, որքան էլ Նալբանդյանն ու Մամեդյարովը Քերիին զուգահեռ հանդիպում են նաև Լավրովի հետ, այնուհանդերձ, Ռուսաստանին հաստատապես դուր չի գալիս ամերիկյան այս ակտիվությունը ղարաբաղյան հարցում, այդ թվում և` հակամարտող երկրների հանդիպման առիթով:
Այդ իսկ պատճառով էլ, Սուրեն Խաչատրյանին մի կողմ դրած ու մոռացած Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԱԽ-ում նախ` տեղեկատվական հուժկու պայքար է սկսում էն «քյորփի»` բռնակալ, ոչ մի ազատ բանից չհասկացող Ալիևի դեմ, ապա` կանխատեսում նրա ու յուր` Լուկաշենկոյից սիրված, Սաակաշվիլուց կմճտված տիկնոջ` Մեհրիբանի համար մեծ մայրամուտ` իսալամական աշխարհի «ցար ի բոգերի» անկման ֆոնին, ուր, ըստ ամենայնի, Հայաստանը, որպես քրիստոնեական բուֆեր, տարածաշրջանային կամուրջ, ահագին հեռանկարային է: Եվ վերջապես, Սերժ Սարգսյանը հանգստացնում է մեր «նապարնիկ», անհանգստացած Ռուսաստանին, թե դարդ մի անիլ, մեկ է` էդ հանդիպումից բան դուրս չի գա, ոչ միայն, որ Ալիևը գնում է ընտրությունների ու արաբականորեն գարունացվելու, այլ որ` տարածաշրջանային ապագա վերադասավորություններում ևս Հայաստանը կա ու դեռ կմնա թանկագին Ռուսաստանի ամենասիրելի գործընկերը, ստրատեգիական «պարտնյորը»… հենակետը:
Է՛ս է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ